Այս երեկո աշխարհասփյուռ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի պատարագի ավարտին կազդարարվի Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը, որով էլ կմեկնարկեն զատկական տոնակատարությունները:
Այս տարի, սակայն, եկեղեցիներում տեղի ունեցող ծիսակատարությունները կանցկացվեն առցանց՝ առանց հավատացյալների մասնակցության՝ բոլորիս քաջ հայտնի պատճառով:
Առաջին անգամ Սուրբ Հարության տոնին մարդիկ չեն կարող մասնակցել բազմաթիվ երկրներում՝ այդ թվում և Հայաստանում: Այս մասին է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հատուկ կարգադրությունը, մեր զրույցի ընթացքում հայտնեց Սուրբ Սարգիս եկեղեցու ավագ քահանա տեր Պետրոս Մալյանը:
«Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությամբ հանձնարարված է, որ եկեղեցիներում կարգը չընդհատվի և կատարվի դռնփակ վիճակում, բայց Վեհափառը հանձնարարել է նաև բոլոր եկեղեցիներին, թեմերին, եկեղեցականներին, որ արդեն օնլայն հեռարձակվի բոլոր արարողությունները՝ ժամերգություններն են, Սուրբ Պատարագներն են, առավել ևս՝ այս Ավագ շաբաթվա ընթացքում: Ես ինչքան հետևում եմ սոցցանցերում, տեսնում եմ, որ բոլոր եկեղեցիները ուղիղ եթերում հեռարձակում են մեր բոլոր տոները: Նույնը նաև մեզ մոտ է՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Մենք ամեն արարողություն՝ առավոտյան ժամերգություն, երեկոյան ժամերգություն, հեռարձակում ենք, և նաև Սուրբ Պատարագները: Կարծում եմ, որ մեր հավատավոր ժողովուրդն ըմբռնումով կմոտենա», - ասաց Պետրոս ավագ քահանա Մալյանը: