Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ այնուհետև անդրադարձ է կատարվել տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածմանը հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: