Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ղեկավար Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ապրիլի 13-ից 19-ը կսահմանվեն նոր արգելքներ:
Քաղաքապետն ասել է, որ Մոսկվայում իրավիճակը կբարելավվի միայն այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակվելու վտանգը կնահանջի:
Այսպիսով, հաջորդ երկուշաբթի օրվանից Մոսկվայում կգործի բացառապես անցաթղթերով տեղաշարժվելու ռեժիմ: Այն կաշխատի նախապես ներկայացված հայտարարագրերի սկզբունքով: Կարգը կներդրվի երեք փուլով:
Առաջինը վերաբերելու է աշխատանքի մեկնելուն և վերադառնալուն, երկրորդը՝ քաղաքով տեղաշարժվելուն, և երրորդը՝ թաղամասում տեղաշարժվելուն:
Մոսկվայում չեղարկվելու է «քարշերինգի» (ավտոմեքենաների կարճատև վարձույթի) ծառայությունը:
Դադարեցվելու է բոլոր օբյեկտների շինարարությունը: Բացառություն կարվի միայն առողջապահական նշանակության հիմնարկների և անդադար ցիկլ ենթադրող արտադրամասերի կառուցման ու սպասարկման համար:
Սահմանափակվելու է բոլոր կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ անդադար ցիկլով աշխատող հիմնարկների և առողջապահական նշանակության կենտրոնների:
Կշարունակեն աշխատանքը Մոսկվայի իշխանության մարմինները, իրավապահները, բանկերը, կապի և հանրային տրանսպորտի հիմնարկները:
Արգելքը չի տարածվում ռազմաարդյունաբերական համալիրի, ավիացիայի ընկերությունների, «Ռոսկոսմոս»-ի և «Ռոսատոմ»-ի վրա:
Ժամանակավոր դադարեցվելու է բժշկական ծառայություններ մատուցող բոլոր ոչ պրոֆիլային կազմակերպությունների աշխատանքը:
Միառժամանակ արգելվելու է կնքել առուվաճառքի պայմանագրեր, բացառությամբ կենսական նշանակության արտադրանքի: