Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը արտակարգ դրության պայմաններում հորդորում է Հայաստանի կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին՝ ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով իրենց վերապահված պարտավորություններով ու պարետի որոշումներով՝ բարձր դասելով կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:
Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի՝ նախարարությունը հայտնում է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:
Նախարարությունն իր հայտարարությունում նաև կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին «անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը»:
Հիշեցնենք՝ «Յուքոմ»-ի հիմնադիրներ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից, նրանց հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև մոտ 350 աշխատակիցներ։ Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։