Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմի» հիմնադիրներ և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։ Ընկերության աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, «Ազատությանը» փոխանցեց, որ նրանց հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև մոտ 350 աշխատակիցներ։
Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։ «Յուքոմը» ցանկանում է գնել «Բիլայնի» բոլոր բաժնետոմսերը։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Յուքոմի» բաժնետերերին է փոխանցել իր ղեկավարած ընկերության ներքին ինֆորմացիան, որպեսզի դրա դիմաց ստանա միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։ «Ազատությանը» առայժմ չի հաջողվել կապ հաստատել Պյատախինի հետ։
«Յուքոմի» գործադիր տնօրենը Հայկ Եսայանն էր։ Եղբայրները նաև չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում։
«Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։
«Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիան» Հայաստանում առաջատար է ֆիքսված հեռախոսակապի՝ ավանդական հեռախոսային շուկայում բաժանորդների գրեթե 80 տոկոսով, այս ընկերությանն են պատկանում բջջային հեռախոսակապի շուկայի 25 տոկոսը, ֆիքսված ինտերնետ կապի շուկայի 35 տոկոսը։
«Բիլայն»-«Յուքոմ» միավորման գործարքը դեռևս տեղի չի ունեցել։