Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. քննարկում կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է` զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ:

Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: Նշվել է, որ վարկային ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալները կշարունակեն ընդլայնվել:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կյանքի են կոչվում:

Այնուհետև քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած «Սեփական կապիտալի համաֆինանսավորման» ծրագիրը, որով առաջարկվում է գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության, զբոսաշրջության և ռազմական արդյունաբերության ոլորտներում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացնել ներդրումային ծրագրեր: