«Անկախ թանկացումների տոկոսից, եթե չարաշահում տեսնենք՝ կպատժենք». ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան, արխիվ

Նպարեղենից ոսպն ու հնդկաձավարը Երևանի շուկայում կրկնակի են թանկացել։ Վաճառողը դժվարանում է նշել մի ապրանքատեսակ, որի գինը համաճարակի այս փուլում իր մոտ չի փոխվել։ Անգամ չամիչը, որը Նոր տարուց հետո մեկ էլ Զատիկին ընդառաջ է պահանջարկ վայելում, 400 դրամով թանկացել է, դժգոհում է վաճառողը՝ շտապելով ավելացնել՝ ապրանքը մեծածախ վաճառողից մի քանի օր առաջ է գնել։

«Համարյա մեկին մեկ թանկացել է: Ոսպը, գրեչկան կրկնակի թանկացել են, մանդարինն է մի քիչ թանկացել ու ապելսինը», - ասաց վաճառողը:

Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների թանկացման փաստը հաստատում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նպարեղենի հարցը խնդրահարույց է, իրենք էլ են արձանագրել՝ որոշ տեսակների գներ բարձրացել են։

«Նպարեղները թերևս ամենախնդրահարույց տեղերից մեկն է, որովհետև նախ քանակը ներմուծման բավականին քչացավ, երբ դրսից, ըստ տնտեսվարողների, բավականին բարձր գնով սկսեցին ձեռք բերել, բայց էլի կարծում եմ՝ այստեղ երբեմն համեմատության խնդիր է լիում: Նպարեղենն անհատականացնելը քաղաքացու համար շատ դժվար է, այսինքն՝ գնային տարբեր սեգմենտում գտնվող նպարեղեններ են երբեմն իրար հետ համեմատվում: Բայց էլի մենք ասում ենք, որ կա որոշակի թանկացում, նայում ենք նպարեղենի խոշոր ներմուծողներին, և եթե տեսնենք, որ մատակարարման և վաճառքի գներն իրարից տարբերվում են, տրամաբանություն չի աշխատում այստեղ, մենք անպայման իրենց նկատմամբ ևս վարույթ կհարուցենք», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ իրենց ուսումնասիրությունների արդյունքում գների փոփոխություն նկատել են, բայց ոչ այն ծավալով, ինչ մարդիկ ահազանգում են։

«Օբյեկտիվ ասած՝ գները շատ հաճախ, հիմնականում բարձրացրել է 1-4 տոկոսի շրջանակներում: Այսինքն՝ կրկնակի թանկացումների կամ ահավոր թանկացումների մասին խոսք, բնականաբար, չկա: Օրինակ՝ նույն կարագը, որը համարվում է առաջին սպառման առարկա և, ըստ էության, առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում գլխավորներից մեկն է հանդիսանում, 3730 դրամ, դա փետրվարի 26-ի գին ենք ասում, ընդ որում՝ միջին գինը: Նույն կարագը նույն խանութում մենք անդադար նայում ենք, որպեսզի ճիշտ համեմատություն լինի, գինը ամսի 8-ին ապրիլի դարձել է 3790, իր պիկը եղել է 3830, այս երկու օրերի ընթացքում նվազում է տեղի ունեցել», - ասաց Գևորգյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գները վերահսկելու կամ շուկայական հարաբերություններին միջամտելու իրավասություն չունի։ Փոքր տնտեսվարողներն էլ իրենց թիրախում չեն, եթե նույնիսկ մի քանի անգամ ապրանքը թանկացնեն։ Ուսումնասիրում են խոշոր տնտեսվարողների շուկան, թեև բոլոր ահազանգերի հետքերով գնում են։

«Համաճարակն իր որոշակի ազդեցությունն ունեցավ, մասնավորապես, ամենաակնառու ազդեցությունը բեռնափոխադրումների խնդիրն է, որովհետև ոչ թե արհեստական բարձրացման մասին եմ խոսում, այլ վարորդները պետք է կարանտինային ռեժիմ անցնեին արտասահմանում, ապրանքը գալիս էր, բայց բեռնված չէր գնում մեքենան, որը որոշակի գնի վրա ազդեցություն ունեցավ: Եվ իհարկե, արտայժույթի կուրսի տատանումը, բայց միևնույն է մենք նայում ենք, որովհետև կարող է պարզվի արտայժույթի կուրսը չպետք է ազդեր կոնկրետ այդ խմբաքանակի վրա», - նշեց Գևորգյանը:

Խոշոր տնտեսվարողների շուկան ուսումնասիրել են ու իրենց արձանագրած փաստերով վարույթներ են սկսելու։ Ասում է՝ եթե պարզվի, որ տնտեսվարողները ապրանքները թանկացրել են՝ համաճարակային իրավիճակից օգտվելով, ապա դա կդիտվի արտակարգ դրությունը ծանրացնող հանգամանք։

«Պրոցես ենք սկսելու, և եթե խախտում կարարած եղան, ապա անպայման պատասխանատվության ենթարկելու ենք: Դրա մասին են վկայում նաև արդեն չորս շուկայում սկսած վարույթները», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Գնային փոփոխություն արձանագրվել են նաև ցիտրուսային մրգերի շուկայում։ Գեղամ Գևորգյանը չի ժխտում՝ այստեղ էլ խնդիր կա։ Առայժմ քննարկումների փուլում են և փորձում են պարզել պատճառները։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խոշոր տնտեսվարողների շուկայում հարուցած վարույթների քննությունը կսկսի արտակարգ դրությունից հետո, և եթե պարզվի արհեստական դեֆիցիտ են ստեղծել կամ չհիմնավորված թանկացրել, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Կտուգանվեն տարեկան շահույթի տասը տոկոսի չափով։

«Անկախ ամեն ինչից՝ քանի տոկոսով է բարձրացվել, եթե տեսնենք չարաշահում, ապա անպայման կպատժենք», - ընդգծեց Գևորգյանը: