Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է երեկ տարածված տեղեկությանը, թե Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։
Նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, թե իրենք, որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնան ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ բոլոր դեպքերում պաշտոնական Երևանի օրակարգում նման հարց չկա։
Նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահ Ռեթեբ Թայիփ Էրդողանը պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաև դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը։
Երեկ առավոտյան Ստամբուլից Հայաստան է շարժվել երեք ավտոբուս՝ տուն տանելով 66 հայաստանցիների, որոնց ճանապարհին միանալու էին ևս մի քանիսը։
Ընկերների հետ միասին հայրենակիցների վերադարձը նախաձեռնած Գագիկ Մուշեղյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ տեղափոխումը հնարավոր էր դարձել Հայաստանի իշխանությունների աջակցության շնորհիվ: Հայկական կողմը հոգացել է ճանապարհածախսը․ - «Մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց Հայաստանի իշխանությունը։ Ամբողջ ծախսերը հոգացել են իրենք․ ավտոբուսների վճարները կատարել են իրենք։ Ավտոբուսները տարանցիկ միջանցքով անցնելու են Վրաստանով, մուտք են գործելու Հայաստան Բագրատաշենի մաքսակետով, և դրանից հետո, իմ կարծիքով, կգնանք առանձին»:
Անդրադառնալով Թուրքիայից Հայաստանի քաղաքացիների վերադարձին՝ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ առաջնահերթություն է տրվում հատկապես համավարակի լայն տարածում ունեցող երկրներում դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիներին։ Այդ պատճառով էլ որոշում են կայացրել տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներին։
Աննա Նաղդալյանը, մասնավորապես, նշել է․ - «Հայաստանի արտգործնախարարության հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր Հայաստանի քաղաքացիներ։ Արտգործնախարարության ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»։
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսով վարակված ավելի քան 38 հազար մարդ կա, մահացել են 812-ը։
Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից ի վեր։