Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով: Ինչպես հայտնում են կառավարության լրատվական բաժնից, որոշումը հաստատվել է այսօրվա նիստում:
Հայաստանը, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրել է՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար:
Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն: