Սերժ Սարգսյանը կմասնակցի մեկ շաբաթից նշանակված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։ Այդ նիստերը, որպես կանոն, փակ են անցկացվում։
Հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երրորդ նախագահի գրասենյակի ուղարկած երեկվա նամակին շատ կարճ են պատասխանել․ - «Ի պատասխան ձեր 08.04.2020թ.-ի գրության` հայտնում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի սույն թվականի ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին կայանալիք նիստի Ձեր մասնակցության հատվածի տեսագրությունը կտրամադրվի Ձեզ, ինչը ենթադրում էր նաև մեր նախորդ գրության բովանդակությունը»:
Ի պատասխան` երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրեցին՝ քանի որ «հանձնաժողովը բավարարել է երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը` նախագահ Սարգսյանը վերահաստատում է ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված` գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը»։
Իսկ 2 օր առաջ ապրիլյան պատերազմի օրերին երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ապրիլի 16-ին մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին՝ պայմանով, որ իրեն կտրամադրեն ձայնագրության օրինակը, որին հետևեց ԱԺ քննիչ հանձնաժողովի և երրորդ նախագահի գրասենյակի միջև եռօրյա հրապարակային նամակագրություն։
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից պատասխանեցին` տեսաձայնագրություն տրամադրելու խնդրանքը կարող է բավարարվել միայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ։ Երրորդ նախագահի գրասենյակի համար պատասխանը անորոշ էր թվացել․ հստակություն էին ակնկալել՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների տեսաձայնագրությունը տրամադրվելո՞ւ է, թե՞ ոչ։
Ի դեպ, նամակներից մեկում նախկին նախագահի գրասենյակը էննիչ հանձնաժողովին տեղեկացրել էր, թե Սերժ Սարգսյանը դեմ է, որ իրեն անհայտ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն հայտնեն։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով, կարող է և նման իրավիճակ ստեղծվել․ - «Գաղտնիքին տիրապետելու իրավունք ունեցող մարդիկ չհրապարակելու նաև պատասխանատվություն են կրում։ Հիմա այդ գաղտնիքը նոր է, թե հին է, ինչ կարևոր է։ Խոսքը չհրապարակելու մասին է։ Հիմա Սերժ Սարգսյանին շատ հնարավոր է, որ նոր գաղտնիքներ ի հայտ գան, որ ժամանակին ինչ-որ մեկը թերացել է իրեն զեկուցել, կամ ինքը ժամանակ չի ունեցել լսելու, զբաղված է եղել այն կարևոր հարցերով։ Մենք ուզում ենք ճշտենք՝ ինչո՞ւ ինքը տեղյակ չի եղել, որ էդպիսի բաներ եղել են։ Եվ շատ հնարավոր է, որ դա իր մեջ գաղտնիք պարունակի»։
Չորս տարի առաջ քառօրյա պատերազմում հայկական կողմը հարյուրից ավելի զոհ և տարածքային կորուստ ունեցավ։ Խոսակցությունները տարաբնույթ էին՝ զինվորները չեն ունեցել փամփուշտներ, տանկերը՝ դիզվառելիք, հրամանատարական կազմը օպերատիվորեն չի արձագանքել հակառակորդի հարձակման մասին լուրերին և այլն։
Հարցերից մեկն էլ, որին պետք է անդրադառնար հանձնաժողովը, հետևյան էր՝ արդյո՞ք հրամանատարները իրենց որոշումներով համարժեք և օպերատիվ են արձագանքել հակառակորդի գործողությունների ինչպես կանխմանը, այնպես էլ խափանմանը։
Անդրանիկ Քոչարյանը անցած հունիսին՝ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին, հայտարարում էր, թե կորսված 800 հեկտարի հարցն էլ չեն շրջանցելու, զոհերի համար մեղավորներին էլ՝ եթե կան այդպիսիք։
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը միակն է, ով մերժել է հանձնաժողով գալու հրավերը։ Իսկ նախկին նախագահը՝ Ապրիլյան պատերազմի օրերին երկրի Գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, կարող է և վերջին հրավիրյալը չլինել․ - «Սերժ Սարգսյանը վերջին մարդը չի, Սերժ Սարգսյանը ամենակարևոր մարդկանցից մեկն է։ Մեր համար բոլորն են կարևոր եղել, բայց ամենակարևորները, որոնց որոշումները եղել են վերջնական, դրանք զինվորական համար մեկ պաշտոնյաներն են և Գերագույն գլխավոր հրամանատարը։ Ինչին մենք արդեն մոտեցել ենք, և ամսի 16-ին մենք կիրացնենք նաև այդ հնարավորությունը»։
Նա նշեց, որ այլ մարդիկ են կլինեն, բայց ասաց, որ չի կարող նշել կոնկրետ անուններ․ - «Որովհետև Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կարող է խնդիր առաջանալ լսել էլի ինչ-որ մարդկանց քաղաքական դաշտում՝ եթե Ապրիլյան պատերազմի հետ ինչի-որ առնչություն ունեցել են»։
Չեն մարում քննարկումներն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ՝ սառեցնել առանց այն էլ լարված մթնոլորտում ավելորդ գրգռություն առաջացնող հանձնաժողովի աշխատանքը։
Առաջարկին դեմ արտահայտվող Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետը հունիսի 4-ն է, իսկ իրենք հարյուր ժամից ավելի տեսաձայնագրություններ ունեն, որից հետո զեկույցի վրա պետք է աշխատեն։ Հենց այդ զեկույցում էլ ներառելու են մեկամյա աշխատանքի ընթացքում պարզածը՝ թե՛ փաստերը, թե՛ եզրահանգումները։
«Սառեցման խնդիրը հանձնաժողովը չէ, որ պետք է լուծի։ Դա պետք է լուծի համապատասխան «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը՝ եթե դրա հնարավորությունը լինի։ Այդ հնարավորությունը այս պահին չկա, իսկ հանձնաժողովը դատապարտված է աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, խիստ սահմանափակ ժամանակային ռեժիմի հնարավորության պայմաններում, և պետք է ր խնդիրը կարողանա լուծել՝ տալով հասարակությանը համապատասխան եզրակացություն Մեզ համար բոլորն են կարևոր եղել, բայց ամենա», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։