Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 1500 է, մահացել է 16 մարդ, վկայում են երկրի պետական «Բելտա» գործակալության հրապարակած վերջին տվյալները: Աղբյուրի համաձայն՝ երկրում համաճարակի բռնկումից ի վեր իրականացվել է ավելի քան 49 հազար թեստավորում:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցած օրերին համառորեն պնդում էր, թե իր երկրում կորոնավիրուսի հետևանքով «աղետ չկա», հրաժարվելով պաշտոնական կարանտին կամ մեկուսացման ռեժիմ հայտարարելուց:
Միևնույն ժամանակ, նախօրեին պարզվել է, որ Բելառուսը ֆինանսական աջակցություն է խնդրել Եվրամիությունից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, նշելով, որ ֆինանսական օգնության չափը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո: