Չինաստանի նախագահը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի նախագահին, որում մասնավորապես բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած առաջընթացը:

Սի Ծինփինը, ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, պատասխան նամակում համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:

Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը»,- ասվում է Սի Ծինփինի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում: