Պետաջակցությունից օգտվողների շրջանակն ընդլայնելու առաջարկներ են քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Տնտեսական 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Զեկուցվել է, որ ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալներն օրեցօր էապես կմեծանան:

Այնուհետև ներկայացվել են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ և գաղափարներ՝ աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է մշակել միջոցառումների նոր ծրագիր և ներկայացնել կառավարության հաստատմանը: