2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պատրաստ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել ապրիլի 16-ին կայանալիք նիստի տեսաձայնագրությունը, եթե այն չի խախտում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով Սերժ Սարգսյանին այսօր ուղարկված նամակի բովանդակությունը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել էր ապրիլի 16-ին քննիչ հանձնաժողով այցելել` պայմանով, որ տեսաձայնագրության մեկ օրինակը նիստից հետո կտրամադրվի իրեն։
«Պարզապես ընթերցեմ նամակի այն հատվածը, որ «մենք պատրաստ ենք [տրամադրել տեսաձայնագրությունը] օրենսդրությամբ մեզ ընձեռված հնարավորությունների տրամաբանության շրջանակներում: Ինչ վերաբերում է տեսաձայնագրությունը Ձեզ հանձնելու խնդրանքին, այն կարող է բավարարվել միայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների համապատասխան և սահմանված ընթացակարգի պահպանման արդյունքում», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր արձագանքել է ապրիլյան խորհրդարանական հանձնաժողովի նամակին, ընդգծելով, թե հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:
Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանին ուղղված նամակում, երրորդ նախագահի գրասենյակը նշում է, որ հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը ստանալու դեպքում:
«Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել: Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց», - ասված է տարածած հայտարարությունում:
Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ելնելով վերոհիշյալից` ակնկալում են հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:
«Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը», - ասված է հայտարարությունում։
Նշենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հոդված էր հրապարակել, որտեղ հորդորել էր իշխանություններին, սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ընդգծելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։
Ապրիլյան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր բավական կոշտ արձագանքեց Տեր-Պետրոսյանի այս հորդորին, ընդգծելով, որ կարծես թե Տեր-Պետրոսյանը ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը գա ապրիլյան հանձնաժողով։
«Այնպիսի տպավորություն էր, թե առաջին նախագահը այնքան էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ ամսի 16-ին քննիչ հանձնաժողովին հյուրընկալված լինի: Ես այդպիսի տպավորություն ստացա, որն իմ համար ընդունելի չի: Ակամայից, բնականաբար, հարցեր են առաջանում, չէ՞ որ նույն Սերժ Սարգսյանը 16 թվականի ապրիլի 8-ին, թե 9-ին հյուրընկալվեց Տեր-Պետրոսյանի առանձնատանը, և նրանք երևի քննարկել էին ապրիլյան դեպքերի և նրա հետ կապված աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումների վերաբերյալ խնդիրներ, և հիմա Տեր-Պետրոսյանը երևի չի ցանկանում, որպեսզի ավելորդ լարվածություն առաջանա այդ ժամանակվա պատասխանատուների, նրանց որոշումների: Ես չեմ կիսում առաջին նախագահի կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունների շրջանակը, ոնց որ թե գործարք առաջարկվի՝ մի քննեք ապրիլյան դեպքերը, դրա դիմաց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թող իրենց լրատվական կայքերին սթափության կոչ անեն, և նրանք իշխանությունների դեմ որևէ վատ բաներ չանեն:», - ասաց Քոչարյանը:
Ի դեպ, ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում հնչած մեկնաբանությունը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց. «Դավադրության տեսությունների սիրահարների մակարդակով կատարված պրիմիտիվ դատողություններ են»:
Անդրանիկ Քոչարյանը շեշտում է, ապրիլյան պատերազմի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանները կարող են տալ միայն Սերժ Սարգսյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
Հանձնաժողովի նախագահը փակագծեր բացեց, որ, օրինակ, Պաշտպանության նախկին նախարարը, հանձնաժողովում, իրենց հետ հանդիպման ժամանակ, հստակ ասել է, որ չի տնօրինում իրեն ուղղված մի շարք հարցերին, այդ փաթեթին տնօրինում են Յուրի Խաչատուրովը և Սերժ Սարգսյանը։
«Նաև այն կորուստներին, որով ըստ էության ստատուս քվոյի փոփոխությունը 94 թվականից սկսած, այդպիսի փոփոխություններ չեն եղել ռազմական գործողությունների արդյունքում: Այդ փոփոխություններից հետո մեր Զինված ուժերը, երբ որ մեզ ներկայացնում էին, որ ի վիճակի էին լուծել այդ խնդիրը և վերականգնել նաև բանակցային քայլերի միջոցով, այդ ստատուս քվոն ինչի չի վերականգնվել և բնականաբար, այդ հարցերի պատասխանը մենք պետք է գտնենք հանրապետության այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետի մոտ», - նշեց Քոչարյանը:
«Ազատության» հարցին, թե ո՞վ է ասել՝ բանակցությունների միջոցով տարածքները նորից վերականգնել, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես այդ հարցը համարում եմ ոչ ճիշտ ձևակերպած այս պահին, որովհետև մենք մեր հարցերի մնացած ամբողջական հարցաշարը կներկայացնենք պարոն Սարգսյանին ամսի 16-ին, ժամը 2-ին»: