Գրողների միությունը, ինչպես նաև մյուս ստեղծագործական միություններն այս օրերին բնականաբար փակ են:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ ամենօրյա կապի մեջ է միության անդամներից շատերի հետ, նաև միության մարզային բաժանմունքների ղեկավարների հետ՝ Արցախից մինչև Տավուշ՝ տեղեկանալու նրանց վիճակից, տրամադրություններից, ստեղծագործական
գործունեությունից:
«Շատ գրողներ արձագանքում են համաճարակին, իրենց հորդորը, իրենց կամքը, իրենց ուժն են ուզում ներարկեն մեր հասարակայնությանը, մարդկանց, հիվանդներին, մեկուսացածներին», - ասաց Միլիտոնյանը։
Ուշագրավ է, որ Գրողների միությունը նաև իր լուման է ունեցել կորոնավիրուսի համաճարակի դեմ մերօրյա այս պայքարում․ - «Ծաղկաձորի հանգստան տունը տրամադրվել է մեկուսացված մարդկանց»։
Էդվարդ Միլիտոնյանը շեշտում էր, որ նախապես պլանավորել էին ապրիլի 2-ին Գավառում բացել Մանկական գրքի շաբաթը, նույն օրը նշել նաև մեր լավագույն գրողներից երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը և իհարկե նաև առանձին հանդիպմամբ ոգեկոչել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը: Արտակարգ դրության պայմանները, ավաղ, հնարավորություն չտվեցին իրագործել նախապես պլանավորածը:
Էդվարդ Միլիտոնյանը որպես գրող և Գրողների միության նախագահ կոչ է հղում աշխարհի ողջ հայությանը․ - «Մեր պետականությունը պահպանելու, ուժեղացնելու համար բոլորի ներդրումը անհրաժեշտ է։ Մանավանդ էս հիվանդության պայմաններում, երբ որևէ դեղամիջոց չկա, մեր հանրապետությանը շատ օգտակար կլինեն ներդրողներ, մարդիկ, որոնք բժշկական սարքեր են նվիրում։ Սա պետք է ընդլայնել։ Հայության ամենամեծ ուժը Հայաստանի Հանրապետությունն է, և առանց Հայաստանի Հանրապետության, առանց ազգաբնակչության, հայությունը դրսերում, մեր սփյուռքահայությունը չի կարող իրեն վստահ զգալ և լավ զգալ։ Ամեն հայի նպատակը պիտի լինի օգնել, օժանդակել մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետությանը»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․
Your browser doesn’t support HTML5