«Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ»,- երեկ երեկոյան Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խախտել է լռությունը՝ Ilur.am կայքում արված հրապարակման մեջ պետական դավաճանությանը հավասարազոր քայլ համարելով այն լրատվական գրոհը, որ այս օրերին տարվում է իշխանությունների դեմ:
Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է. «Մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»:
Առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային: Առաջին նախագահը հույս է հայտնում նաև, որ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել «իշխանությունների դեմ ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։
Երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից դեռ չեն արձագանքել Տեր-Պետրոսյանի հոդվածին:
Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, թե «ցինիզմ է մեղադրել իրենց, երբ իշխանական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիևի դեմ է պայքարում, այլ այլախոհների և ընդդիմության»․- «Եվ ցավալի է, որ երկրի առաջին նախագահը «չի նկատում» այս մեկ տարուց ավել ազատությունից զրկված և հետապնդվող երկրորդ նախագահին»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ չի կարծում, թե մեդիա գրոհը կդադարեցվի:
«Ձեր նշված մարդիկ, որոնք զբաղեցրել են, գրավել են նախագահի պաշտոնը 2 տասնամյակ, հնարավորություն ունեցել են պետականամետ և հայաստանանպաստ շատ ու շատ որոշումներ կայացնելու և չեն կայացրել: Իսկ այսօր կարծում եմ` իրենց համար սա միակ հնարավոր տեղն է, որտեղ իրենք կարողանում են ինչ-որ ձևով փորձել օրակարգ պարտադրել, որը անում են ֆինանսների հաշվին, և չգիտեմ, դրա արդյունավետությունը միգուցե իրենք կիմանան»:
Լևոն Տեր-Պետրոսյանը իր հոդվածում նշում է, որ հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկները այս շրջանում պետք է արտահայտել ոչ թե ցուցադրաբար ու հրապարակավ, այլ դրանք հասցեագրել պարետատանը, դրա կազմում հատուկ խումբ ստեղծել դրանք ուսումնասիրելու և կիրառելու համար:
Ալեն Սիմոնյանի կարծիքով, այս առաջարկը դժվար թե գործնականում աշխատի, քանի որ այս օրերին իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը անկեղծ չէ, և դրա վրա ծախսվում են միլիոններ․- «Չեմ հավատում հաճախ այն «ազնիվ» մղումներին, որոնք որ ունենում են այդ քննադատությունները, որովհետև վերջերս կրկին սին ձևով շահարկվում էր, և տեղեկություն էր տարածվում, թե իբր ես, իմ գործընկերները ինչ-որ պարգևավճարներ ենք ստանում, այն պարագայում, երբ վերջին եռամսյակի ամբողջ գումարը փոխանցվել է համապատասխան ֆոնդին, որը զբաղվում է համաճարակով։ Էլ չեմ ասում, որ հիմնականում նման մանր շահարկումները հաճախակի են, և այդ շահարկումներ անողները, ես չեմ կարծում, որ կդիմեն նույնիսկ այդ նշված, ընձեռնված հնարավորությանը, և մենք արդյունք կունենանք»։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունների դեմ մեդիա գրոհը դադարեցնելու կոչի հետ նաև հորդորել էր վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը:
Ալեն Սիմոնյանն ասում է, որ Արցախի ընտրությունները կատարյալ չէին, սակայն դրանք քննադատելիս պետք է հաշվի առնել Արցախի շահերը․ - «Ամենակարևորը․ քննադատելիս, խոսելիս Արցախի մասին, հաշվի առնել Արցախի պետականության շահերը, Արցախի պետականության շարունակականության կարևորությունը, որը հաճախ, ցավոք սրտի, այսօր որոշ մեկնաբանների կողմից երկրորդական, երրորդական է համարվում»: