Վիսկոնսին նահանգում կայացել են դեմոկրատական ներկուսակցական ընտրությունները` չնայած համավարակին

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում հազարավոր մարդիկ են մասնակցել դեմոկրատական ներկուսակցական ընտրությանը, չնայած ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի բռնկմանը և ընտրություններն անցկացնելու հարցով դատական վիճաբանությանը:

Ընտրողները, սոցիալական հեռավորություն պահպանելով, կանգնել են միմյանցից 1,5-2 մետր հեռավորության վրա ու համբերատար ժամերով սպասել քվեարկության իրենց հերթին:

Տասից ավելի նահանգներ հետաձգել են դեմոկրատների ներկուսակցական ընտրությունները, որոնց վերջնական արդյունքում որոշվելու է, թե դեմոկրատներից ով է նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններում պայքարելու հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, թե սենատոր Բերնի Սանդերսը:

Երկուշաբթի Վիսկոնսինի դեմոկրատ նահանգապետ Թոնի Էվերսը կարգադրել էր դեմոկրատների փրայմերին հետաձգել մինչև հունիս, չնայած ավելի վաղ ասել էր, թե ինքը նման լիազորություն չունի: Բայց նահանգի գերագույն դատարանը, քննության առնելով հանրապետական օրենսդիրների բողոքը, 11-ժամյա դատական լսումներից հետո չեղարկեց ընտրությունները հետաձգելու նահանգապետի որոշումը:

ԱՄՆ-ի գերագույն դատարանը դարձյալ հանրապետականների դիմումով երկուշաբթի օրը չեղարկել է քվեարկությունը վեց օրով երկարաձգելու դաշնային դատարանի որշումը և վճռել, որ փոստով ուղարկվող քվեաթերթիկների վրա պետք է լինի ապրիլի 7-ի փոստային դրոշմը: Երեքշաբթի առավոտյան մոտավորապես 9 հազար 400 քվեաթերթիկ չէր ուղարկվել:

Մի կողմից կորոնավիրուսի համաճարակը, մյուս կողմից դատական խճճված գործընթացները ստվերել են Վիսկոնսինի ներկուսակցական ընտրությունները, որոնց արդյունքները մինչև գալիք երկուշաբթի չեն հրապարակվելու, քանի դեռ տեղ չեն հասել ապրիլի 7-ի ամսաթվով դրոշմված քվեաթերթիկները:

Դեմոկրատների ներկուսակցական պայքարում առաջատարը նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: