Լևոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ilur.am-ում ներկայացրած իր հոդվածում գրել է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեև ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի և առողջապահության նախարարի կարևոր դերակատարությունը։

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ»,- նշում է առաջին նախագահը։

Ըստ նրա` առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։

Ներկայիս «անբնական ու վտանգավոր» ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման համար Տեր-Պետրոսյանը մի քանի քայլեր է առաջարկել.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը։

«Վերջում թերևս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլև իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախբվելու ունակությանը»,- եզրափակել է նա։