Անդրեա Բոչելին Զատիկին համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Անդրեա Բոչելին պատրաստվում է Սուրբ Զատիկի օրը` առաջիկա կիրակի, համերգ տալ Միլանի դատարկ տաճարում, որը կսփռվի ուղիղ հեռարձակմամբ` «մարմնավորելով սերը, հույսն ու ապաքինումը», ասել է իտալացի օպերային աստղը:

Համերգը կհեռարձակվի երգչի Youtube-յան ալիքով ապրիլի 12-ի երեկոյան:

«Ես հավատում եմ միասնական աղոթքի ուժին, հավատում եմ Սուրբ Հարությանը, դա վերածնվելու բացառիկ խորհրդանիշ է, որի կարիքն այժմ ունեն անխտիր բոլորը` անկախ այն հանգամանքից` հավատացյալ են, թե ոչ»,- ասել է հանրահայտ երգիչը:

Բոչելիի ծնդդավայր Իտալիան նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, աշխարհում ամենաշատ զոհերը հենց այստեղ են գրանցվել` ավելի քան 16 հազար մահ, վարակված են մոտ 133 հազարը: Մոտ մեկ ամիս է արդեն` երկրով մեկ կարանտին է հայտարարված:

«Կենդանի երաժշտության շնորհիվ, միավորելով աշխարհի բոլոր ծայրերում ծափահարող ձեռքերը, մենք մեր գիրկը կառնենք վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը»,- ասել է Բոչելին: