Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ դեռևս չկա որոշում, թե արդյոք ամռանը լրացուցիչ դասերի կարիք կլինի, թե ոչ, սակայն ըստ իրենց նախնական դիտարկումների` հեռավար եղանակով անցկացման դեպքում գրեթե ամբողջ ծավալով ծրագիրն իրականացվում է, հետևաբար չի բացառվում, որ քիչ թվով լրացուցիչ դասերի կարիք լինի:
Ստորև ներկայացնում ենք հատված նախարարի հետ հարցազրույցից.
«Ազատություն». - Դուք կարո՞ղ եք անել պնդում, որ ամբողջ հանրապետությունը ողջ ծավալով ներգրավված է հեռավար կրթության գործում:
Արայիկ Հարությունյան.- Իհարկե, չեմ կարող նման պնդում անել: Մարզպետարաններից ստացված մեր տվյալների համաձայն` 80, 85, 90 տոկոս ներգրավվածություն կա, և այստեղ պետք է առանձնահատուկ ուսուցիչների դերը նշեմ, որովհետև մենք առանց նրանց ոգևորության և աշխատանքի նման նվիրման չէինք կարողանալու ամբողջ ծավալով իրականացնել, բայց ակնհայտ է, որ մենք կարողանում ենք ապահովել կրթության իրավունքը մեր աշակերտների գերակշիռ մեծամասնության համար: Ցավոք սրտի, ունենք ընտանիքներ, որոնք առայժմ սարքերի խնդիր ունեն, բայց գիտեք, որ մենք սկսել ենք սարքերի հավաքագրում, մի քանի ծրագրեր էլ ունենք, որ փորձում ենք իրականացնել: Հիմա այդ փուլում ենք, բայց կարող եմ ասել, որ գերակշիռ մեծամասնության դեպքում հեռավար կրթությունն իրականացվում է:
«Ազատություն».- Կա՞ այդ վիճակագրությունը, թե կոնկրետ քանի ուսուցիչ ու աշակերտ այսօր չունի համակարգիչ կամ ինտերնետ:
Արայիկ Հարությունյան.- 24 հազարն էին, այս ընթացքում որոշների դեպքում մենք լուծումներ գտել ենք սարքեր տրամադրելու միջոցով: Պետք է ասեմ, որ մյուս աշակերտների դեպքում հիմնական դեպքերում ուսուցիչները տարբեր միջոցներով կապվում են աշակերտների հետ, երեխաների, որոնք այս պահին այդ սարքերը չունեն, և առաջադրանքներ տալով, թեկուզ հեռախոսով զանգերի միջոցով, այնուհետև նաև պարզաբանումներ տալով, որ արտակարգ դրության ավարտից հետո և դպրոցների վերաբացումից հետո մենք կարճ ժամանակում, գուցե նաև քիչ թվով, բայց կարճ լրացուցիչ դասերի միջոցով այդ ամեն ինչը կվերականգնենք, որ երեխաները հետ չմնան ընդհանուր ծրագրից:
«Ազատություն».- Ի դեպ, կա՞ այդ որոշումը արդեն: Ենթադրենք` ապրիլի կեսին բացվում են դպրոցները, պետք է ամռա՞նը լրացվեն, թե՞ հեռավար եղանակով լրացված դասերն արդեն կընդունվեն ի գիտություն:
Արայիկ Հարությունյան.- Ընդհանուր առմամբ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնական դեպքերում ամբողջ ծավալով ծրագիրն իրականացվում է, իհարկե, դեռ լրացուցիչ ամփոփումներ պետք է անենք, բայց մեր տպավորությամբ լրացուցիչ դասեր եթե նույնիսկ պետք են լինելու, ապա փոքր թվով:
«Ազատություն».- Եվ դրանից էլ կբխի նաև ընդունելության քննությունների հետաձգման հարցը:
Արայիկ Հարությունյան. Բոլոր գործընթացները` և՛ ավարտական քննությունների, և՛ ընդունելության քննությունների: Ես ուղղակի աշակերտներին կասեմ, որ բնականոն այն ընթացքով, որ գնացել են նախապատրաստվելով և՛ ավարտական քննությունների, և՛ միասնական ընդունելության քննությունների, նույն հունով թող պատրաստվեն, եթե նույնիսկ ինչ-որ փոփոխություններ լինեն, դրանք կլինեն ի շահ աշակերտի, բայց սա չի նշանակում, որ արտակարգ դրությունը պետք է առիթ հանդիսանա, որպեսզի մենք անհարկի հետաձգումներ ունենանք կրթական պրոցեսում:
«Ազատություն».- Պարո՛ն նախարար, այս համատեքստում Ձեզ հասե՞լ են դժգոհություններ մանկավարժներից, որ պայմաններ չեք ստեղծել, բայց պահանջում եք:
Արայիկ Հարությունյան.- Գիտեք, մենք առավելագույնն ենք անում` պայմաններ ստեղծելու համար: Առանձին ուսուցիչների դեպքում ունեցել ենք նման դիտարկումներ, ոչ թե որ պայմաններ չեք ստեղծում, այլ որ սարքերի խնդիրներ են եղել: Մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որպեսզի դպրոցներում առկա տեխնիկական սարքերը տրամադրվեն առաջին հերթին ուսուցիչներին: Եթե նույնիսկ կան խնդիրներ, դրանք փոքր թվով են և ընդհանուր առմամբ ընդհանուր պրոցեսի վրա ազդեցություն չեն ունենում:
«Ազատություն».- Այս օրերին հնչող հարցի` նրանց աշխատավարձի մասին, երեկ վարչապետը բավական թափանցիկ ասաց, որ առաջիկայում բարձրացում չի լինի: Ինչո՞ւ, փող չկա՞:
Արայիկ Հարությունյան.- Նախկինում ունեցել ենք բարձրացումներ 2 փուլով, այս պահին նման խնդիր չի դրվել կառավարության առաջ, և երկրորդը` պետք է հաշվի առնենք տնտեսական այն իրողությունները, որոնք հիմա կան, և այն խնդիրները, որոնց բախվում ենք: Հիմա ուսուցիչների աշխատավարձերը կանոնավոր վճարվում են 100 տոկոս չափով, և որևէ կրճատում չի եղել: Ես կարծում եմ` գոնե այս առաջիկայում մենք պետք է ձգտենք, որ մեր պարտավորություններն այդ առումով լիարժեք կատարենք:
«Ազատություն».- Պարգևավճարներ չստանալու որոշումը միայն նախարարների՞ն է վերաբերում այս ամիս, թե՞ նաև Դուք նախարարության աշխատակիցներին չեք տալու պարգևավճարներ:
Արայիկ Հարությունյան.- Ոչ, նախարարության աշխատակիցները գոնե այս ամիս, նման որոշում կա, ու կապված իրավիճակից, հետո որոշումները կփոխենք կամ նույնը կպահենք: