Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ տասն օր առաջ կորոնովիրուս էր ախտորոշվել, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հաղորդում է BBC-ն: 55-ամյա առաջնորդը հիվանդանոցում էր երեկվանից, կառավարությունը հաղորդել էր, որ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նախազգուշական ստուգումներ է անցնում` հնարավոր բարդություններից խուսափելու համար: Մինչ այդ` անցած ուրբաթ, Ջոնսոնն ինքը հաղորդել էր, որ մեկշաբաթյա մեկուսացումից հետո բարձր ջերմությունը դեռ չի իջնում:
Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում` արդյոք վարչապետի մոտ թոքաբորբ է զարգացել, և կամ ինչ վիճակում է նա այս պահին: Մինչ այդ, պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության խոսնակը չէր հերքել, բայց և չէր հաստատել, որ երեկ, տեղափոխվելով հիվանդանոց, Ջոնսոնը թթվածին է ստացել:
Ժամեր առաջ, Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից Թվիթերում գրել էր. «Տրամադրությունս լավ է, ես անմիջական կապի մեջ եմ աշխատանքային թիմի հետ, և մենք միասին շարունակում ենք պայքարը կորոնավիրուսի դեմ»: Այլ մանրամասներ վարչապետը չէր հայտնել:
Առայժմ հստակ չէ` արդյոք նա կարող է շարունակել իրականացնել պարտականությունները: Կառավարությունը նախորդ շաբաթ հայտնել էր` եթե Ջոնսոնն ի վիճակի չլինի աշխատել, նրան կփոխարինի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, քանի որ կաբինետում մի քանի տարի է` փոխվարչապետի հաստիք չկա: