Քաղավիացիայի կոմիտեն հերքում է լիցենզիայից զրկվելու մասին լուրերը

Օդանավեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

«2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին», - ասված է հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության, Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-14-ը Բրյուսելում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև Կոմիտեն:

«Միաժամանակ, նախկինում արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն, որոնք պահանջում են բավական ժամանակ և ռեսուրսներ կառույցը արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ արվում են և արվելու են լուրջ և կտրուկ քայլեր», - հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն:

Մանրամասները՝ այստեղ