Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8-ի։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ նրանցից մեկը երեկ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս 7-ի առողջական վիճակը բավարար է։ Ծանր հիվանդներ չկան։ 20 մարդ, որոնք շփվել են վարակակիրների հետ, մեկուսացված են, 284-ը՝ ինքնամեկուսացված։
«Ունենք նաև ինքնամեկուսացածներ, որոնց մենք համայնքների և մեր միջոցներով սնունդն ենք ապահովում, այսինքն՝ իրենք տնից դուրս չեն գալիս, նույնիսկ խանութ չեն գնում: Այսինքն՝ եթե հարևանը վերցնում է այդ դերակատարությունը կամ որևէ ազգական, որ սնունդը գնի, տանի իրենց փոխանցի, մենք այդ դեպքում չենք օգնում, բայց երբ ահազանգում են, որ չունեն նման հնարավորություն, մենք մեր միջոցներով սննդամթերքը գնում ենք և փոխանցում ենք իրենց», - ասաց մարզպետը:
Լոռիում կորոնավիրուսով հիվանդները հիմնականում կապված են եղել Հայաստանում գրանցված այլ վարակի օջախների հետ։ Ստեփանավանում օրերս վարակի դեպք է հաստատվել Ռուսաստանից ժամանած քաղաքացու մոտ։ Վարակը հաստատվել է Հայաստան գալուց 10 օր անց։
«Այդ քաղաքացին ամսի 20-ին էր եկել Հայաստանի Հանրապետություն և այդ ժամանակ դեռ չէր գործում այն համակարգը, որ Ռուսաստանից ժամանածները պետք է ինքնամեկուսանան, դրա համար ինքը չէր [ինքնամեկուսացել], ամսի 23-ից է դա գործել: Մեր քաղաքացին մնալուց հետո՝ 14-րդ օրը սկսել է ջերմել, նոր հայտնվել է ուշադրության կենտրոնում», - նշեց Անդրեյ Ղուկասյանը:
Այսօր էլ մարզի տարբեր համայնքների փողոցներում կարելի է տեսնել մարդկանց ակտիվ տեղաշարժ։ Խանութներում և սննդի շուկաների տաղավարներում եռուզեռ է։ Լոռու մարզպետը, որ գլխավորում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող մարզային շտաբը, ասում է՝ վերահսկում են, որ ինքնամեկուսացվածները դուրս չգան տնից, բայց չեն երաշխավորում, որ բոլոր 284 անձինք հետևում են պահանջներին։
«284 քաղաքացու դեպքում չենք կարող միանշանակ ասել, որ բոլորը պահում են, բայց այն քաղաքացիները, որոնք որ այդ ռեժիմը պահելու հետ կապված կասկածներ են հարուցում, մենք ավելի ուշադիր ենք լինում, բայց ամբողջությամբ բացառել չենք կարող, հատկապես քաղաքային համայնքներում, բայց այդ օրենքը քանի ուժի մեջ է մտած, և իրենք եթե այլ մարդկանց վարակեն, կկրեն պատասխանատվություն: Իրենք նաև դրանց մասին են տեղեկացված: Ամեն դեպքում չենք կարող 100 տոկոս բոլորի համար ասել, որ իրենք պահում են այդ ռեժիմը, բայց հնարավորինս փորձում ենք հսկել դա», - ասաց Ղուկասյանը:
Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդները բուժվում են Վանաձորի և այլ համայնքների ինֆեկցիոն հիվանդանոցներում։ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 15 հիվանդ։ Նրանց մի մասը Երևանից է։ Մարզում տեղակայված է համայնքների մուտքերը հսկող 6 անցակետ։ Քաղաքացիներն իրավունք չունեն տեղափոխվելու մարզից մարզ, իսկ համայնքից համայնք տեղաշարժը պետք է լինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Լոռու մարզպետն ասաց, որ մարզի տարբեր համայնքներում առանձնացվել և նախապատրաստվել են դահլիճներ` հիվանդների թվի աճի դեպքում որպես մեկուսացման վայրեր օգտագործելու համար։