Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած լրացման նախագիծը, որով առաջարկվում է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկություն չտրամադրել՝ եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։
Կառավարությունն իր վերջին նիստում հաստատել է նախագիծը, որը չզեկուցվող հարցերի շարքում էր։
Շուշան Դոյդոյան․ - «Սա հնարավորություն է տալիս, որ Շրջակա միջավայրին նախարարությունը սեփական հայեցողությամբ որոշի, թե որ տեղեկատվությունը կարող է որ պահին բացասական ազդեցություն գնահատվել և մերժվել լրագրողների կամ հասարակական կազմակերպությունների հարցումը։ Ինչը անթույլատրելի է։ Սահմանափակումը պետք է լինի հստակ, կոնկրետ, չափելի։ Այս դրույթը փաստորեն չի համապատասխանում այս չափանիշներին»։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համահեղինակ Դոյդոյանն ասում է, որ նման լրացում մշակելիս նախ պետք է ներգրավեին բոլոր շահագրգիռ կողմերին, քննարկումներ լինեին։ Նրա համոզմամբ, այս փոփոխությունները խախտում են Կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը․ - «Փոխանակ մենք է՛լ ավելի մեծ ուշադրություն դարձնենք, հատկապես այս համավարակի պայմաններում շրջակա միջավայրի նկատմամբ է՛լ ավելի խնամքով լինենք և հանրային լուրջ վերահսկողության մեխանիզմներ գործադրենք, մենք ընդհակառակը, փաստացի գնում ենք այն ճանապարհով, որ սահմանափակում և արգելափակում ենք տեղեկատվությունը, և հնարավորություն չենք տալիս իրականացնելու հանրային լուրջ վերահսկողություն այս ոլորտի չարաշահումների նկատմամբ»։
Ըստ Շուշան Դոյդոյանի, այս նախագիծը կարող է խախտել լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Այս կարծիքի հետ, սակայն, համամիտ չէ Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Նարինե Սոլոմոնյանը, ով նախագծով առաջարկվող սահմանափակումը իրավաչափ է համարում․ - «Այն, որ տեղեկատվությունը չի տրամադրվի, կսահմանափակվի․․․ այսպես աղմում է բարձրացվել, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև այստեղ խոսքը ոչ թե տեղեկատվության սահմանակման երաշխավորող հիմքեր ստեղծելն է, այլ պարզապես մենք մոնիտորինգը բնապահպանական երբ որ իրականացնում ենք, բոլոր տվյալները ստուգվում են։ Սա չի նշանակում, որ հայեցողական մոտեցում է որդեգրելու նախարարությունը և որոշի։ Իհարկե, ես կարծում եմ, պրակտիկայում կարող է այնքան էլ շատ անդրադարձ չլինի այս հոդվածին, բայց միջազգային իրավական պրակտիկան, նույն Եվրոպական դատարանի պրակտիկան դրական է համարել նման դեպքերում մերժումը, քանի որ այստեղ դրված է բնապահպանական ընդհանրական շահը։ Պրակտիկ օրինակը հուշեմ, որպեսզի ավելի պարզ դառնա։ Օրինակ, վայրի թռչունների մասով բնադրավայրերի հետ կապված․ եթե այդ ինֆորմացիայի տրամադրումը մերժվում է, ուրեմն կարող է այսպիսով վնաս հասցվել նույն բնադրավայրերին, այդ բներում կարող է ձուն գողացվել և դրանով այդ տեսակի շարունակությանը վնաս հասցվի։ Այդ իսկ պատճառով նման տեղեկատվությունը իհարկե իմաստ չունի տրամադրել»։
Դոյդոյանին նաև զարմացրել է նախագիծը ներկայացնելու ժամանակահատվածը, երբ բոլորի համար թիվ մեկ խնդիրը կորոնավիրուսի համաճարակն է․ - «Սա շատ տհաճ գործելաոճ է։ Երբ բոլորը զբաղված են, բոլորիս ուշադրությունը կենտրոնացված է համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներին, այս ընթացքում մեկ այլ գերատեսչություն իր գերագույն խնդիրը համարում է տեղեկատվության սահմանափակումը և խնդիրներ առաջացնելը և՛ հասարակության համար, և՛ Կառավարության իմիջին հարված հասցնելը»։
Նախարարի խորհրդականը հակադարձում է․ - «Յուրաքանչյուր գերատեսչություն իր աշխատանքներ է կատարում, և հաշվի առնելով, որ ունի սահմանափակումներ ժամանակի հետ կապված, այս ժամանակահատվածում է ներկայացվել»։
Շուշան Դոյդոյանն ասաց, որ առաջիկայում հանդես են գալու հայտարարությամբ։