Համաշխարհային բանկը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով 25 զարգացող երկրներին 1 միլիարդ 900 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու ծրագիրը:
Այդ գումարից 200 միլիոն կտրվի Պակիստանին, 100 Աֆղանստանին, 12,5 միլիոն Ղրղըզստանին և 11 միլիոն 300 հազար Տաջիկստանին:
Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասն ասել է, որ զարգացող երկրներին պետք է սատարել COVID-19 հիվանդության դեմ պայքարում և այդպիսով կրճատել տնտեսական ու սոցիալական վերականգնման ժամանակը:
Համաշխարհային բանկը հայտնել է, որ արտակարգ կարգով հատկացվող գումարով այդ երկրները կարող են ձեռք բերել անհրաժեշտ բժշկական պարագաներ, այդ թվում դիմակներ և թոքերի օդափոխության սարքեր:
Բանկը հայտնել է, որ հետագայում օգնություն կստանա ևս 40 պետություն: