Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում կազմակերպության կենտրոնակայանի շքամուտքի պատին, արխիվ

Համաշխարհային բանկը (ՀԲ) 3 միլիոն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։

«Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ», - ասված է ՀԲ հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունում:

Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ «Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար», - վստահեցնում է Բանկը:

«Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ - «Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»։

Համաշխարհային բանկը պատրաստ է նաև վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19-ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով, նշված է հաղորդագրությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ