Փոքր համայնքների տաքսիստներն անհանգստացած են, ուղևոր չունեն։ Առանց այն էլ աշխատատեղեր չունեցող Ալավերդիում գործող տաքսի ծառայությունները կա՛մ փակվել են, կամ էլ օրվա մեջ մեկ-երկու պատվեր են ունենում։
Տաքսի ծառայության դիստպետչերի միայն մեկ ուղևոր նստելու պահանջից շատերը հրաժարվում են։
Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցնելուց հետո ուղևորներն իրենց հերթին են խնդիրների առաջ կանգնել, տաքսու վարորդները՝ իրենց հերթին։
Վարորդ Սպարտակ Մնացականյանն ասում է. - «Երկու օր առաջ երկու ջահել եկան, ո՛չ նա նստեց, ո՛չ նա, նեղացան-գնացին։ Ասին՝ մենք միասին ենք, չենք ուզում առանձին ավտո նստենք»։
Վարուժանը յուրաքանչյուր անձին 3000 դրամով Ալավերդուց Վանաձոր էր տեղափոխում իր անհատ տաքսիով։ Լիցենզիա չի ունեցել, հարկեր չի վճարել։Աայսօր անգործության է մատնվել, բայց նաև չի օգտվի կառավարության աջակցության ծրագրից, քանի որ գրանցված աշխատող չի եղել։ Մտահոգված է՝ 6 անձից բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է։
Վարուժանն ասում է, որ Ալավերդիում շատ են իր նման օրավարձով աշխատողները։ Ուրախ է, որ այսօր Կառավարությունը գոնե անչափահաս երեխաներին որոշակի օգնություն տալու մասին որոշում կայացրեց։ Թոռները կօգտվեն, բայց դա չի լուծի մեծ ընտանիքի մեծ հոգսերը․ - «80 տոկոսը Ալավերդու չգրանցված աշխատողներ են․․․ Էն մարդուն, որ էրկու հազար դրամով գրանցել է 14 ժամ Երևան մեկի խանութում կանգնել ա աշխատելու առանց գրանցվելու, էսօր ասել են գործ չկա, վեր ա կացել էկել ա, էդ մարդուն ոչ մի բանով օգնություն չպիտի՞ տրվի։ Ալավերդում էդքան աշխատատեղ չկա, որ մարդիկ գնան գործի ընդունվեն, աշխատեն։ Նենց չի, որ փախել են»։
Բորիս Թամազյանն Ալավերդիում այս օրերին աշխատող հատուկենտ տաքսիստներից է։
Վաղ առավոտից ախտահանում է մեքենան և ուղևորի սպասում։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու մասին պարետի որոշումից հետո որոշ պատվերներ ստանում է հարևան գյուղերից։
Քաղաք են գալիս հիմնականում պետական ու համայնքային ենթակայության հիմնարկներում և բանկերում գործ ունեցողները։ Պատվիրատուներին զգուշացնում է, որ մեքենա նստելիս դիմակով ու ձեռնոցով լինեն, իսկ չունեցողների համար ալկոգել է պահում, խնդրում է, որ ձեռքերն ախտահանեն, նոր նստեն իր մեքենան։
Տաքսիստն ասում է, որ բոլոր ուղևորները տեսուճանաչ են, բայց ստիպված է շատերին նեղացնել։ Զգացել է, որ Ալավերդիում դեռ դիմակ ու ձեռնոցներ կրելը վիրավորական է որոշ մարդկանց համար․ - «Դիմակը դրած նստած է, ուղևորներից մեկը մոտեցավ, ասեց, թե ուստի, հենց գիտես, թե մենք վարակվա՞ծ ենք։ Ասի՝ չէ, ձեր մասին չեմ մտածում, իմ մասին եմ մտածում, մեծահասակ մարդ եմ, եթե ես հանկարծ վարակվեմ, շատ դժվարությամբ կտանեմ»։
Ալավերդիում ու հարակից բնակավայրերում կորոնավիրուսի դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։
Երեկ Ալավերդու համայնքապետարանն իր էջում տեղեկություն էր հրապարակել իբրև կորոնավիրուսով վարակի դեպք է հաստատվել ամբուլատորիայի մի աշխատակցի մոտ։ Մեկ ժամ անց, սակայն, համայնքապետարանի պաշտոնական էջի պատասխանատու Սուսա Լալայանը հերքել էր այդ տեղեկությունը թե՛ իր և թե՛ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Ներողություն էր խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար՝ նշելով, որ ինքն է կատարել «իրականությանը չհամապատասխանող գրառումը»։
«Ցավում եմ, որ իմ մեկ սխալի պատճառով այս ժամանակահատվածում շատերը ունեցան անհանգստություն և վախ», - իր գրառման մեջ նշել է Ալավերդու համայնքապետարանի մասնագետը։