«Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մյուս 28-ը ևս մեկուսացված են

Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։

Հաղորդելով այս մասին՝ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ «վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն»։

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները, ասված է հաղորդագրությունում: