Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում ավելացավ 92-ով՝ հասնելով 663-ի

Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.

Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 92-ով՝ այսօր ժամը 11-ի դրությամբ հասնելով 663-ի: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ հիվանդությունից բուժվածների թիվը տվյալ պահի դրությամբ 33 է, մահացել է 4 մարդ:

Բացասական են եղել 2 հազար 940 թեստերի արդյունքները:

Այսպիսով, այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 626 պացիենտ:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում գրում է, որ հաստատված նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, «ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ»: «Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ», - փոխանցում է Ալինա Նիկողոսյանը:

Ավելի ու Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ փոխանցեց. - «Այսօր առավոտյան դրությամբ, այսինքն՝ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում, ունենք մի փոքր մեծ թիվ՝ 92 դրական դեպք, սակայն որոնք գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, օրինակ՝ կարանտինում մեր հսկողության տակ, կամ եղել են շփման զոնայում ի սկզբանե հաստատված պացիենտների: Իհարկե, կան նաև նոր դեպքեր, հատկապես՝ բերովի տարբեր երկրներից թե՛ ցամաքային ճանապարհով, թե՛ օդային, դրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք էն բոլոր գործողությունները, որ մինչև հիմա արել ենք, այսինքն՝ հաստատված դեպքերի հայտնի կոնտակտների մեկուսացում»:

Մանրամասները տե՛ս այստեղ