Պոլսո Հայոց պատրիարքարանը միացել է Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքարանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին, որի նպատակն է աջակցել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:

Ըստ պատրիարքարանի հայտարարության, պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը իր հինգ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է դրամահավաքին, նրան են միացել նաև մի շարք հոգևորականներ:

Ընդհանուր առմամբ, պատրիարքարանը 100 հազար թուրքական լիրա է հատկացրել այս նախաձեռնությանը:

Նախագահ Էրդողանը Ազգային փոխօգնության արշավին է նվիրաբերել իր յոթ ամսվա արշխատավարձը՝ կառավարության անդամներին, պետական գործիչներին, գործարարներին, խոշոր ընկերություններին, բարերարներին, հիմնադրամներին կոչ անելով միանալ դրամահավաքին և համատեղ ուժերով օգնել կարիքավորներին:

Նվիրատուները կարող են գումար փոխանցել Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության բացած հատուկ հաշվեհամարին:

Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 հազար 531 է, 214 մարդ մահացել է: