Երկրները այս ընթացքում կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման տարբեր արագություններ են ունեցել՝ 2-ից մինչև 10 օր, Հայաստանում այն տվյալ պահին 7 օր է, Ֆեսբուքում գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան», - նշում է նախարարը՝ շարունակելով. - «Հիմա, եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ»:
«Եթե տեմպը պահպանվի ու օրինակ [համաճարակի տարածման գրաֆիկի կորը] չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: Չեմ կարծում, թե դա մեր կողմից ցանկալի սցենար է, քանի որ առողջապահական համակարգը, ներառյալ դրա` հատուկ կորոնավիրուսի համար ծավալվող հատվածը կկարողանա այդ բեռը տանել: Ի դեպ որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել», - գրում է Թորոսյանը և շեշտում. - «Եվ հենց վերոգրյալի համատեքստում է կարևոր մնալ տանը և խստորեն պահպանել ինքնամեկուսացման ցուցումները` այդ թվում վարչական պատասխանատվության ռիսկից դրդված: Հենց այս ամենի համար է կարևոր, որպեսզի մենք այս կամ այն եղանակով արձանագրենք այդ խախտումները և վերադարձնենք մարդկանց իրենց ինքնամեկուսացման վայր: Դա ինքնանպատակ չէ, այլ ուղիղ ազդող գործիք վարակիչ հիվանդության տարածման տեմպի վրա»:
Նախարարը նաև պնդում է՝ «այն, ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է, քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5 տոկոս պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության»:
«Սակայն միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս», - ընդգծում է Արսեն Թորոսյանը՝ գրառում ավարտելով #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը հեշթեգերով:
Հայաստանում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, բուժվել է 31 պացիենտ, մահացել է 3-ը:
Երեկ հայտարարվեց մեկ շաբաթ առաջ խստացված սահմանափակումները ևս տասն օրով երկարաձգելու մասին: