Իտալացի տասնյակ քաղաքապետեր ու նահանգապետեր Գերմանիային ուղղված բաց նամակ են հրապարակել Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթում` համերաշխության ու օգնության խնդրանքով:
Ծավալուն` մոտ մեկ էջանոց ուղերձում իտալացիները հիշեցրել են, թե ինչպես են 1953-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ավելի քան երկու տասնյակ երկրներ կիսով չափ ներել Գերմանիայի պարտքը` հանուն այդ երկրի վերակառուցման:
«Սիրելի գերմանացի ընկերներ, հիշողությունը օգնում է մեզ ճիշտ որոշումներ կայացնել», - ասված է նամակում, որ ստորագրել են նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժած բնակավայրերի, այդ թվում` Միլանի ու Բերգամոյի ղեկավարները:
Համաճարակի վնասները փոխհատուցելու համար Եվրամիության անդամ 9 պետություններ, այդ թվում` Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, անցած շաբաթ կոչ արեցին համատեղ ջանքերով ֆինանսավորել բյուջեի պակասուրդը: Գերմանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Ավստրիան, սակայն, դեմ են նախաձեռնությանը, որի դեպքում ստիպված կլինեն կիսել առավել թույլ զարգացած տնտեսությունների պարտքը: