Եվրամիությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը», - հայտարարել է կառույցի խոսնակը՝ հավելելով. - «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:

«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու բովանդակալից բանակցությունների` համապարփակ ու տևական խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասված է այսօր Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: