Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան, արխիվ

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն», - տեղեկացնում է Նիկողոսյանը։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

Գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: