ՊՆ. Ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. վիրավորվել է 2 զինծառայող և 1 երեխա

Այսօր` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Ըստ հաղորդագրության` հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Ազատությանը» հայտնել է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, նա վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում: Տղան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում է։