Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներին 140 միլիոն եվրո կտրամադրի

Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից վեց պետություններին, այդ թվում` Հայաստանին, ընդհանուր առմամբ շուրջ 140 միլիոն եվրո կտրամադրի` կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ կարիքները հոգալու նպատակով: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի կայքում այսօր տեղադրված հաղորդագրության մեջ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` «Արևելյան գործընկերության» երկրներին ԵՄ-ն մոտ 700 միլիոն եվրո կտրամադրի ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով: Դա, ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների, կարվի գործընկեր պետություններին ցուցաբերվող օգնության ներկայում առկա մեխանիզմների կիրառմամբ:

ԵՄ հարևանության քաղաքականության և ընդարձակման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելիի խոսքով` ցուցաբերվող օգնությունը կուղղվի առողջապահական ոլորտ, ինչպես նաև միջին և մանր ձեռնարկատիրության աջակցությանը: