Մարդիկ Արցախում արմատական բարեփոխումներ են ցանկանում. Մասիս Մայիլյան

Մարդիկ Արցախում արմատական բարեփոխումներ են ցանկանում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Ազատություն». – Արդյոք անհրաժեշտ չէ՞ հետաձգել Արցախում ընտրությունները՝ կորոնավիրուսի հետ կապված, ի՞նչ եք մտածում այս մասին:

Մայիլյան. – Ես մի երկու օր առաջ հայտարարություն եմ արել, որ եթե պատկան մարմինները նման որոշում կայացնեն, ես ըմբռնումով կմոտենամ այդ հարցին, թեկուզ մենք ունենք շատ ռեալ հնարավորություն հաղթելու համար, բայց ժողովրդի առողջությունն ամենակարևորն է և այդ պատճառով որևէ խնդիր չկա, եթե որոշվի հետաձգել:

Երեկ նախագահի թեկնածուներից մեկը՝ Ռուսլան Իսրայելյանը հանդես եկավ նախաձեռնությամբ, որ բոլոր նախագահի թեկնածուները իրենց կարծիքը արտահայտեն այդ թեմայի շուրջ, և ինքը կողմնակից էր, որ հետաձգվի, ես ևս միացա այդ հայտարարությանը: Այդ վտանգը հեռացնելու համար երևի դրա անհրաժեշտությունը կա, տեսնենք՝ ինչ արձագանք կլինի, ինչ շարունակություն կունենա: Այսինքն, նաև նախորդ համաշխարհային փորձն ուսումնասիրելով, մենք տեսնում ենք, որ այնտեղ էլ է, երբ ժամանակին քայլեր չեն ձեռնարկվել, հատկապես Իրանի օրինակը կա այդ հայտարարության մեջ, այդ վիճակում ընտրությունները կարող է բելեր վատ հետևանքների:

«Ազատություն». – Եթե ընտրությունները չհետաձգվեն, Դուք շարունակելո՞ւ եք, մասնակցելո՞ւ եք ընտրություններին:

Մայիլյան. – Անպայման մասնակցելու ենք և հաղթելու ենք:

«Ազատություն». – Այն մարդիկ, ովքեր համաձայն չեն Ձեր տեսակետի հետ, ասում են, որ Դուք, մյուս թեկնածուները, ովքեր գտնում են, որ պետք է հետաձգել ընտրությունները, համարում են, որ հնարավորություն չունեն հաղթելու, հետևաբար ձգտում են, որպեսզի ընտրությունները հետաձգվեն, որ իրենց շանսերը մեծանան:

Մայիլյան. – Իմ հայտարարություններում կա, որ մեր այս բոլոր հանդիպումները, մեր բոլոր շփումները ժողովրդի հետ այս ամբողջ քարոզարշավի ժամանակ, մեր մեջ այդ վստահությունը կա, որ մեր բարեփոխումների հայեցակարգը շատ լավ ընդունվում է ժողովրդի կողմից: Այսինքն՝ մենք վստահորեն գնում ենք այս ընտրություններին հաղթելու նպատակով և այդ բոլոր նախադրյալները կան: Այնուամենայնիվ, եթե կա վտանգ գոնե մի մարդու կյանքի համար, մենք պատրաստ ենք և կընդունենք այդ որոշումը:

Եթե նման որոշում ընդունվի՝ հետաձգման, դա ժիշտ կլինի: Այսինքն՝ մեզ ամենաշատը ժողովրդի առողջությունն է հետաքրքիր այս պահին, մենք պետք է սկզբից պրծնենք այդ չարիքից, որը մեծ տարածում ունի Հայաստանում և հնարավոր չի, որ Արցախի Հանրապետություն ներթափանցած չլինի, որովհետև շփումները շատ են, տեղաշարժերը շատ են: Այդ պատճառով է, որ մենք մտահոգված ենք: Շանսերի մասին խոսելը շահարկումների ժանրից է, ամսի 31-ին, եթե ընտրությունները կայանան, մարդիկ կիմանան, թե ով ինչ շանսեր է ունեցել:

«Ազատություն».– Քարոզարշավն, ըստ էության, ավարտվել է, եթե փորձենք ի մի բերել, Ձեր կարծիքով արցախցիներն ի՞նչ են պահանջում, ի՞նչ են ցանկանում ստանալ թեկնածուներից:

Մայիլյան. – Մեր դիտարկումներով, մարդիկ սպասում են փոփոխությունների, մարդիկ ուզում են, որ Արցախում տեղի ունենան արմատական բարեփոխումներ գրեթե բոլոր ոլորտներում և արդյունքում ունենանք ավելի արդար, ավելի ժողովրդավարական, ավելի զարգացած երկիր: Սա է մեր ժողովրդի պահանջը, և իրենք կամք ու վճռականություն ունեն այդ իրենց նպատակների համար մասնակցեն ու հաստատեն իրենց կամքը:

«Ազատություն». – Ընտրությունների արդյունքում պարտա՞ստ եք ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Մայիլյան. – Այո, նման տրամադրություն ունենք, այսինքն՝ որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում, հատկապես, որ իմ թեկնածությունը սատարել են վեց քաղաքական ուժեր, այսինքն՝ «Նոր Արցախ» դաշինքը, կան նաև ուրիշ ուժեր, այդ թվում՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, ակնհայտ է, որ խորհրդարանում մենք անպայման պետք է միավորենք մեր ուժերը, որ այդ բարեփոխումների ծրագրերը կյանքի կոչենք:

«Ազատություն». – Եթե Դուք հաղթեք, Ձեր գլխավորած վարչակազմում գործող իշխանության ներկայացուցիչները տեղ կունենա՞ն:

Մայիլյան. – Հնարավոր է որոշ առանձին մարդիկ ունենան տեղ, որովհետև մեր պետական համակարգում, հատկապես կառավարման համակարգի միջին խավում շատ կան բանիմաց, հայրենասեր, ազնիվ մարդիկ, և մենք այդ մարդկանց ներուժը պետք է օգտագործենք: Ընդհանրապես մենք հայտարարել ենք, որ մեր թիմը մեր ժողովուրդն է, և բոլոր այն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն մեզ հետ միասին աշխատել արմատական բարեփոխումների ծրագրի իրականացմանը, մենք բոլորի ներուժն օգտագործելու ենք:

«Ազատություն». – Եթե հաղթեք, որո՞նք են լինելու Ձեր առաջին երեք քայլերը:

Մայիլյան. – Կոնկրետ քայլերից հիմա չեմ ուզում խոսել, որովհետև առաջինը, եթե հայտարարությունն էլ քայլ համարենք, առաջին հայտարարությունը լինելու է այն մասին, որ ես բոլոր արցախցիների նախագահն եմ և չնայած նրանից՝ ով ինչ քաղաքական հայացքներ է ունեցել, ես լինելու եմ բոլորի նախագահը և բոլորի շահերն եմ պաշտպանելու հետագա հինգ տարիների ընթացքում, դա կլինի առաջին քայլը: Մնացած՝ օրենսդրական հարցերի հետ կապված, որոշումների և այլն, նմանատիպ հարցերը մենք փաթեթով պետք է ներկայացնենք, որովհետև անելիքները շատ են և հիմա առանձնացնել մեկ կամ երկու քայլ էդքան նպատակահարմար չէ:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև.