Հայաստան-Վրաստան սահմանին մոտ 300 բեռնատարի վարորդ արդեն մի քանի օր անորոշ վիճակում սպասում են։
Նրանց մի մասը ճանապարհ է ընկել բանջարեղեն կամ այլ ապրանքներ Ռուսաստան հասցնելու, մյուսները Ռուսաստանից հիմնականում սնունդ բերելու համար։ Բայց Վրաստանի Հայաստանի հետ սահմանակից Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտին հայտարարելուց հետո բեռնատարները չափազանց դանդաղ են անցնում սահմանը։
Մեկ կիլոմետր երկարությամբ գոյացած հերթը առաջ չի գնում։ Վարորդներն այսօր դժգոհեցին, որ ավտոմեքենաներում են գիշերում, քարերի վրա հաց ուտում և պարապությունը խաղաքարտով մեղմում։
«Չի թողում իրա տերիտորիան մտնենք։ Էն կողմից գալիս են, էս կողմից չեն թողում», - ասաց վարորդներից մեկը՝ հավելելով․ - «Գնում ենք յոթ ավտոյով Հայաստանի համար սնունդ բերենք ու չենք կարում տեղից իրար գանք»։
Արշալույս Խուդինյանը լոլիկ է տեղափոխում։ Սառնարանն արդեն երեք օր անդադար աշխատում է՝ բեռը չփչացնելու համար։ Անորոշ պայմաններում ընկերության տասնյակ մեքենաներ են կանգնած․ - «Էս դեռ իմ մեքենան ա 3 օր, մեքենաներ ունենք, որ արդեն 10 օրա կանգնած են։ Տեղյակ եմ, որ մի քանի մեքենա էլ տարել են, թափել են, այսինքն բեռը փչացել ա»։
Երեկ Աժ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին ի պատասխան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ թե՛ Բագրատաշենում և թե՛ Լարսի անցակետում «բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան»։ Ասաց, որ փորձում են «նոր խաղի կանոններ սահմանել» կարանտինի հետ կապված սահմանափակումների պայմաններում, որպեսզի բեռնափոխադրումները չտուժեն։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունենալու հարցի լուծումը գտնելու համար։
Բեռնատարների կուտակումներ կան թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Վրաստանի տարածքում, և թե՛ Լարսի անցակետում․ - «Բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են է՛լ ավելի խորացնել ճգնաժամը։ Այս պրոցեսները բնականորեն կապված են կորոնավիրուսի պատճառով առաջացած կարանտինային զոնաների, սահմանափակումների, վարորդների նկատմամբ առողջապահական վերահսկողության և նմանատիպ այլ կարգավորումների հետ։ Բայց այնուամենայնիվ, ամենօրյա կապի միջոցով և օպերատիվ լուծումներ գտնելով՝ մենք փորձում ենք խնդիրները արագ լուծել»։
Այսօր կառավարությունից «Ազատությանն» ասացին, որ երկու երկրների վարչապետները խոսել են հարցի շուրջ, պայմանավորվել են հստակ գործողություններ ձեռնարկել խնդրի լուծման համար։ Խոստացան ձեռնարկված միջոցառումների մասին հայտնել ավելի ուշ։
Մինչդեռ սահմանին արդեն մի քանի օր կանգնած վարորդներն ասում էին, որ անորոշության պայմաններում մեծ վնասներ են կրում։ Կորոնավիրուսից իրենց պաշտպանելու անհրաժեշտությունը մի կողմից, բեռների անվտանգությունը՝ մյուս կողմից, լուրջ դժվարություններ են առաջացնում վարորդների համար։