Լոռու մարզի Մեծավան համայնքի ավագանին այսօր հաստատել է հինգուկես տարվա ազատազրկման դատապարտված համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանի հրաժարականը։
Դեռևս անցած տարեվերջին հրապարակված դատավճռի համաձայն` պաշտոնական դիրքն օգտագործելով, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, յուրացման և վատնման եղանակով, նա հափշտակել է համայնքի զգալի չափերով գույքը։ Դատարանը որոշել է ազատազրկում չկիրառել՝ սահմանելով երեք տարի ժամկետով փորձաշրջան, բայց 3 տարով զրկել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սահմանվել է նաև 1 միլիոն 400 հազար դրամ տուգանք։
Ըստ դատավճռի` 2013-2018 թվականներին համայնքապետը կեղծ ձևակերպված աշխատավարձ ու սոցօգնություններ է յուրացրել։ Բացի այդ, 2016-2017 թվականներին առանց ավագանու որոշման ապամոնտաժել է համայնքի սեփականությունը հանդիսացող, չգործող ջրատարի 170 մետր երկարությամբ խողովակաշարը, օգտագործման տրամադրել Լոռու մարզի Մեծավան համայնքի բնակիչներին՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով համայնքի զգալի չափերով գույքը:
Ամբաստանյալ, 27 տարի համայնքը համայնքը ղեկավարած Սերյոժա Վարդանյանն ի սկզբանե ընդունել էր առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատարանին քննությունը կատարել արագացված ընթացակարգով, բայց միաժամանակ դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։ Մարտի սկզբին Վճռաբեկ դատարանը որոշել էր վարույթ չընդունել Մեծավանի համայնքապետի բողոքը։
Դատարանի կողմից մեղավոր ճանաչված համայնքապետը վերականգնել է Մեծավանին հասցված 7 միլիոն 217 հազար 200 դրամի վնասը։