Լոռու մարզը՝ նոր սահմանափակումներով

Լոռու մարզի քաղաքներում այսօր առավոտյան ախտահանել էին հիմնական փողոցները, կանգառներն ու այն հատվածները, ուր մարդիկ ավելի հաճախ են այցելում։

Լոռու մարզպետարանը հայտարարել էր, որ վերելակները ևս ախտահանվել են։ Վանաձորում և Ալավերդիում փողոցային առևտուրը հիմնականում դադարեցված է։

Մարզկենտրոնում անցուդարձն առանձնապես չի նվազել, բայց շուկաներում ու խանութներում վաճառողները նկատել էին, որ գնորդներն են քչացել։

Ներքաղաքային ու միջհամայնքային տրանսպորտն աշխատում է։ Գյուղերից հիմնականում մարզկենտրոն էին եկել սնունդ գնելու համար։ Թումանյան համայնք տանող միկրոավտոբուսում չորս ուղևոր կար։ «Ազատության» հետ զրույցում նրանք ասացին, որ մթերքն իրենց ընտանիքների համար են գնել։ Իսկ հարցին, թե ինչու են առանց պաշտպանիչ դիմակների, ուղևորներից մեկն արձագանքեց․ - «Չկա, որտեղի՞ց ունենանք․․․ թող բաժանեն, ունենանք»։

Երևան ուղևորվող միկրոավտոբուսներն այսօր չեն աշխատել, բայց մեր տեսախցիկն արձանագրեց, որ Երևան մեկնող տաքսիները չեն հետևում մեկ ուղևորից ավելի չտեղափոխելու արգելքին։ Թե՛ ուղևորները, թե՛ տաքսիստներն ու ավտոկայանի կարգավարները դժգոհ էին սահմանափակումներից։

«Բա որ օրականով աշխատող մարդը նստի տանը, էդ իրա օրականը ո՞վ ա ապահովելու», - ասաց վարորդներից մեկը։

Վանաձորի և Ալավերդու փողոցներում տեղաշարժն արգելող, անձնագիր կամ տեղաշարժի մասին ձևաթուղթ պահանջող ոստիկաններ չկային։

22 տարի Վանաձորի գլխավոր պողոտայում լոտո վաճառած Ռոբերտ Պողոսյանին էլ էր հասել պարետի հայտարարությունը միայն առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը թույլատրելու մասին։ Բայց չէր նստել տանը, լոտոներն առել ու եկել էր իր սովոր վաճառակետը։ Ասաց՝ լավ կյանքից չէ, ստիպված է եկել․ - «Ինչի՞ց զգուշանամ, ո՞նց զգուշանամ․․․ եթե տանը վեց հոգի սոված ինձ են սպասում, ես ո՞նց զգուշանամ»։