Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ ՀՀ ամբողջ տարածքում գործելու են սահմանափակումներ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ, հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Նպատակն այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելն է և վարակի հնարավոր տարածումը կանխելը:
Սահմանափակումները չեն վերաբերում հետևյալ դեպքերին.
. Չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում
. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում
. Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում
. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը: