Պրիմորիեում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան, արխիվ, Մոսկվա

Ռուսաստանի Հեռավոր Արևելյան շրջանի Պրիմորիեի երկրամասում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսի երկու դեպք:

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան ասել է, որ Դաշնության տարածքում ամբողջական արգելափակում սահմանելու նպատակահարմարությունը դեռ քննարկվում է:

Նրա համոզմամբ, Ռուսաստանն ունի առանց այդ ծայրահեղ որոշման վարակի տարածումը զսպելու հնարավորություններ:

«Որոշ երկրներ դիմել են ամբողջական արգելափակման, որոշ երկրներ՝ ոչ, օրինակ, արգելափակում չկա Ճապոնիայում և Սինգապուրում, սակայն այնտեղ խիստ կարանտինի միջոցներն աշխատում են»,- ասել է Պոպովան:

Նա նշել է նաև, որ Մոսկվայում կարանտինի խիստ ռեժիմ սահմանելու առաջարկ նույնպես չի քննարկվում:

Մոսկվան Եվրոպայի երկրորդ ամենախոշոր մայրաքաղաքն է, որտեղ բնակվում է մոտ 12 միլիոն մարդ: Այստեղ պաշտոնական տվյալներով` գրանցվել է կորոնավիրուսի 137 դեպք: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ իշխանությունը Մոսկվայի մետրոն փակելու մտադրություն չունի:

Պրիմորիեում երկու մարդու մոտ կորոնավիրուսի ախտորոշմամբ Ռուսաստանում ընդհանուր հաշվով վարակվածների թիվը հասել է 440-ի: