Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Երբ իրավիճակը կայունանա, զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը», - նշեց է Ստեփանյանը:
ՊՆ խոսնակը նաև գրել է, որ զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցությունը մասսայական միջոցառումներին՝ խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն, զերծ մնալ համաճարակային տեսանկյունից ՀՀ ռիսկային տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած անձանց հետ շփումներից: