Շտապօգնությունն օրական 700-750 կանչ է սպասարկում

700-750 կանչ է օրական սպասարկում շտապօգնությունը, որից 10-15 տոկոսն է միայն վերաբերում սուր շնչառական հիվանդություններին, առաջնային կանչերը՝ սիրտանոթային հիվանդությունների դեպքում են։ Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն, այդուհանդերձ ընդգծելով՝ հունվար-փետրվարի համեմատ, այս ամիս կանչերի թիվն անգամ նվազել է մոտ 200-ով։

Ստեփանյանի խոսքով՝ զանգերի մի մասն էլ խուճապի հետևանք է։ Հորդորեց խնայել բժիշկներին, քանի որ նրանք գերծանրաբեռնված են աշխատում։

«Ուղղակի միայն թոք լսելու համար պետք չէ կանչել շտապօգնություն կամ նաև շատերը մտածում են, որ եթե կանչեն շտապօգնություն, և իրենց մոտ կասկած է կապված կորոնավիրուսի հետ, անպայման շտապօգնությունը կարող է տանել, թեստավորել ինֆեկցիոն հիվանդանոցում, հետո նորից հիվանդին տեղափոխել տուն: Ոչ, այդ դեպքերում շտապօգնությունը չպետք է սպասարկի քաղաքացիներին, որովհետև ինֆեկցիոն հիվանդանոցում էլ բոլոր բժիշկները շատ գերծանրաբեռնված են աշխատում, և այդ թեստերն էլ յուրաքանչյուր քմահաճույքով չպետք է կատարվեն», - ասաց շտապօգնության ծառայության տնօրենը:

«Ազատության» դիտարկմանը՝ եթե կա բարձր տաքություն, հազ, մարդիկ արդեն անհանգստանում են, որ գուցե կորոնավիրուսի նշաններ ունեն, մյուս կողմից էլ հորդոր է հնչում՝ տանը մնալ։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս վարվի քաղաքացին, հատկապես, երբ նա վստահ չի կարող լինել, որ կորոնավիրուսով վարակվածի հետ չի շփվել։ Այդ մարդկանց անունները, էթիկայի կանոններից ելնելով, չեն նշվում։ Շտապօգնության ծառայության տնօրենը հորդորում է դիմել պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին։

«Այսինքն՝ հիվանդը բնականաբար այդ դեպքում, եթե թեկուզ տանն է, եթե ընտանեկան կամ պոլիկլինիկայի բժիշկը որոշում է, որ պետք է հիվանդը տեղափոխվի ինֆեկցիոն հիվանդանոց, հիվանդը տեղափոխվում է ինֆեկցիոն հիվանդանոց և այնտեղ արդեն ախտորոշվում է՝ իսկապես կորոնավիրուս է, թե այլ գրիպ է, օրինակի համար՝ H1N1 կամ յուրաքանչյուր որևիցե ուրիշ հիվանդություն», - ընդգծեց Ստեփանյանը:

Ի դեպ, Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերից մի քանիսը հենց շտապօգնության բրիգադի միջոցով է տեղափոխվել հիվանդանոց։

Շտապօգնություն ծառայության բժիշկներից ինքնամեկուսացածներ այսօրվա դրությամբ չկան: Նախկինում նշվել էր, սակայն, երեք դեպքի մասին, ըստ Ստեփանյանի, այդ բուժաշխատողները Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: «Որոնց մոտ 14 օր հետո ոչ մի վիրուս չէր հայտնաբերվել, և նրանք անցել են նորմալ աշխատանքային ռիթմի», - ասաց նա: