Նախագահը կարևորել է Չինաստանի օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արմեն Սարգսյանը և Թիան Էրլունը, մասնավորապես, անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։

Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:

Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին ցուցաբերվող աջակցության, այդ թվում՝ չին բժիշկների մասնագիտական օգնության մասին:

Կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ: