Քրեական ու վարչական պատասխանատվություն՝ մեկուսացման ու ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում

Մարդկանց կորոնավիրուսով վարակելու և մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում քաղաքացիները վարչական կամ քրեական պատասխանատվության կենթարկվեն։

Կառավարությունը նոր օրենսդրական կարգավորմամբ նպատակ ունի կանխարգելել կորոնավիրուսի տարածումը։ Անձին կորոնավիրուսով վարակելու համար սահմանված է տուգանք 400-800 հազար դրամ, կալանք՝ առավելագույնը 1 ամիս, և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի: Առավել խիստ է պատիժը, եթե անձը դիտավորյալ վարակում է երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ։ Տուգանքի չափը հասնում է 1 միլիոն դրամի, կալանքը՝ 2-ից 5 ամսի, իսկ ազատազրկումը 1-ից 3 տարվա։ Իսկ եթե վարակման հետևանքով մարդ է մահանում, 3-ից 5 տարվա ազատազրկում է սպառնում անձին։

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու և անզգուշությամբ մեկ այլ անձի վարակելու դեպքում նախատեսված է 300-500 հազար դրամի տուգանք, իսկ 2 կամ ավելի անձանց վարակելու դեպքում այլ պատժաչափեր կկիրառվեն։

«Նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը, այսինքն 500 հազարից 700 հազար դրամի տուգանք կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Կա նաև երրորդ մաս, որն ասում է՝ այդ նույն արարքը, այսինքն՝ եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի այդ կանոնները և այդ խախտելու ընթացքում անզգուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այս դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ժամկետով և նաև որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Արտակարգ դրության ընթացքում խստացումներ մտցնելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ ընդունեց։ Ընդդիմադիր խմբակցությունները ևս կողմնակից են խստացումներին, նախագծում նաև իրենց առաջարկներն են ներառվել, սակայն որոշ նկատառումներ ունեին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար պարզ չէ՝ թե ինչպես է հասկացվելու, որ քաղաքացին վարակում է հղի կնոջ կամ անչափահասի։

«Բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, բայց էդ ոնց ենք ճշտում՝ այդ պահին հղի կնոջ նկատմամբ ենք կատարո՞ւմ, թե՞ ոչ, կամ անչափահասի նկատմամբ, այդ պահին ինչի՞ց ենք մենք ենթադրում ստույգ, որ նա անչափահաս է», - հարցրեց Պետրոսյանը:

Պատգամավորի բարձրացրած հարցին Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Պարոն Պետրոսյանը նիստից գնաց, նիստին մինչև վերջ է պետք մնալ, պարոն Պետրոսյան, որովհետև իրոք ամբողջ նախագծում օգտագործվում է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ արտահայտությունը, և մենք այդպես էլ դիտարկել ենք»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոններն օրենքով սահմանելու անհրաժեշտություն է տեսնում։

«Այսինքն իրավասու մարմինը կոնկրետ անձանց, ովքեր ինքնամեկուսանում են կամ մեկուսանում են, պարտադիր ձևով պետք է ներկայացնի, թե որ կանոնները պետք է պաշտպանվեն և պահպանվեն: Հակառակ պարագայում, եթե այդպիսի տեղեկացում տեղի չունենա և բացառապես էսպես զանգվածային լրատվության միջոցներում կառավարությունն արտահայտի իր դիրքորոշումը, թե որոնք պետք է լինեն այդ կանոնները, որոնք մեկուսացում կամ ինքնամեկուսացում են ենթադրում, սրանք քրեական պատասխանատվության առաջացման համար հիմք չեն կարող հանդիսանալ», - ասաց ԼՀԿ-ի պատգամավորը:

Տարոն Սիմոնյանին «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, Դուք նշում եք, որ հնարավոր չի, որպեսզի կառավարության որոշմամբ այդ կանոնները սահմանվեն, օրինակ բերեմ երթևեկության կանոնների խախտումը՝ 242 հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն, այդ թվում նաև կառավարության որոշման 985, եթե չեմ սխալվում, որոշման խախտման դեպքերում, հետևաբար, եթե օրենքն ինքը պատվիրակում է կառավարությանը, որպեսզի սահմանվի այդ կանոնները, ոչ մի խնդիր չկա»:

«Շփոթմունք է գնացել զանգվածային լրատվամիջոցներով, որ, օրինակ, կառավարությունը կամ մեր իշխանությունը զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ սանկցիաներ կիրառող նախագիծ է բերել», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց՝ ԶԼՄ-ների համար վարչական տուգանքները 10 տարի է, ինչ գործում են. նոր փոփոխությամբ դրանց սահմանաչափերն են նվազեցվել. «Ավելին, այսօր մենք երկրորդ ընթերցմամբ ներկայացնում ենք փոփոխություն, որ այդ 500 հազարից 800 հազարը մի բան էլ նվազեցնում է 100 հազարից մինչև 400 հազար»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրեց, որ կառավարությունը դիտարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումները փոխելու կամ առհասարակ վերացնելու հարցը։