Վարչապետ. Վերլուծությունները ցույց են տալիս` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տևել ավելի երկար

Armenia-Discusion in the Government about situation of Coronavirus,23March,2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Կառավարության լրատվության բաժնի փոխանցմամբ` նիստի սկզբում վարչապետը նշել է՝ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում:

«Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրել է, որ կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար: