Չի բացառվում, որ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը հետաձգվեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Հուսով եմ, որ Տոկիոյի օլիմպիադայի լիարժեք անցկացումը կարող է կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշ դառնալ: Օլիմպիական խաղերի չեղարկումն ընդհանրապես չի քննարկվում: Դրա հետ մեկտեղ, եթե պարզ դառնա, որ խաղերի լիարժեք անցկացումը խնդրահարույց է, մենք կարող ենք այլ ելք չունենալ, քան դրանց հետաձգումը», - հայտարարում էր Ճապոնիայի վարչապետը:
Տոկիոյի ամառային օլիմպիադան նախատեսված է անցկացնել հուլիսի 24-ից oգոստոսի 9-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեն, սակայն, երեկ կայացած նիստից հետո հայտարարեց, որ ձեռնամուխ է լինում «արտակարգ սցենարների մշակմանը, որոնցից մեկը կարող է լինել Տոկիոյի ամառային օլիմպիադայի հետաձգումը»: