Կորոնավիրուսի պատճառով կլինեն թե՛ մարդկային, թե՛ տնտեսական կորուստներ, այսօր Լեռնային Ղարաբաղում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` հորդորելով պատրաստ լինել։
«Բայց կարծում եմ՝ ես Արցախում պետք չի պատրաստակամության կոչ անեմ, որովհետև էս ժողովուրդը տասնյակ տարիներ պատրաստ է և ամեն օր է պատրաստ՝ և՛ արհավիրքի, և՛ պատերազմի», - ընդգծեց Սարգսյանը:
Նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարում կարևորում է հոգատարությունը, պատասխանատվությունը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը։
«Իհարկե, պետությունը էստեղ դեր ունի, և այդ առիթով, ես կարծում եմ, ժամանակ կունենանք խոսելու պարոն [Արցախի] նախագահի հետ, և ես հաճույքով իրեն կփոխանցեմ այն փորձը և այն գիտելիքները, որ էս վերջին շրջանում ես ինքս սովորել եմ՝ շփվելով տարբեր երկրների ղեկավարների, առողջապահության նախարարների, նաև՝ գիտնականների հետ: Դրանով ես զբաղված եմ համարյա ամեն օր՝ փորձելով Հայաստանի միջազգային կապերը առողջապահության ոլորտում կենդանի պահել», - ասաց Արմեն Սարգսյանը:
«Պատկերացրեք՝ սա մեկ ուրիշ պատերազմ է, անտեսանելի թշնամու դեմ», - ասաց Հայաստանի նախագահը՝ շարունակելով. - «Բայց շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք: Կլինեն ճակատամարտից դուրս եկած երկրներ, որոնք հաղթանակած դուրս կգան, այսինքն՝ մինիմալ կորուստներով, և կլինեն երկրներ, որոնք դուրս կգան մեծ կորուստներով, հետևաբար՝ ինչ-որ իմաստով պարտված: Ես հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախի Հանրապետությունը դուրս կգան այս մեծ մարտահրավերից հաղթանակած՝ մինիմալ կորուստներով»:
Ընտրություններից շուրջ տասն օր առաջ Լեռնային Ղարաբաղ այցելած Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Սարգսյանը լրագրողներին վստահեցրեց՝ իր այցը կապ չունի առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և չի պատրաստվում հանդիպել թեկնածուներից և ոչ մեկին: Այդուհանդերձ, նա լրագրողների հետ խոսեց նաև ընտրությունների մասին։
«Շատ էական է, որ այս ընտրությունները անցնեն ազատ, անցնեն ինչ-որ իմաստով անկախ՝ արտաքին կամ որևէ ուրիշ, ներքին գործոններից, և շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար: Գիտե՞ք, արցախցիները հերոսական ժողովուրդ են և հաղթած ժողովուրդ են: Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ», - շեշտեց Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքով՝ շատ էական է, որ այս ընտրություններից Ղարաբաղը դուրս գա կազմակերպված, կարգապահ, ավելի համախմբված։
«Ես շատ հուսով եմ, որ ընտրություններից հետո առիթը կունենամ շնորհավորել և՛ նորընտիր խորհրդարանին, և՛ նորընտիր հանրապետության նախագահին, և շնորհավորել բոլոր նախագահ չընտրված թեկնածուներին՝ անձամբ շնորհավորել, որովհետև եթե ընտրությունները լինեն այն, ինչ որ մենք բոլորս հույս ունենք, ապա դա բոլորի հաղթանակն է», - հայտարարեց նախագահ Սարգսյանը: