ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու հարցը

Ազգային ժողովը քննարկում է երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը ներկայացնում է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով: Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվի վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով:

Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով: Պատգամավորների դիտարկումները հիմնականում կապված էին օրենքի իրավական որոշակիության խնդիրների հետ, ինչպես նաև 5 տարի պատիժը չափազանց խիստ լինելու հետ:

Չնայած կառավարությունը հակված էր, որ փոփոխությունը ընդունվի հատուկ ռեժիմով, բայց նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննարկում տեխնիկապես անհնար է 24-ժամյա ռեժիմով կազմակերպել։ Որոշում կայացվեց երկրորդ ընթերցումը կազմակերպել երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին:

Օրենքների նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ 102 կողմ, զրո դեմ և զրո ձեռնպահ ձայներով ընդունվեց:

Մանրամասները տե՛ս այստեղ